ՀՀ առաջին նախագահի հատուկ հանձնարարություններով դեսպան, ԱԱԾ նախկին ղեկավար Դավիթ Շահնազարյանը «Հայաստանի մարտահրավերները» թեմայով քննարկման ժամանակ հայտարարեց, որ ավարտին է մոտենում քրեաօլիգարխիկ համակարգի կողմից դիկտատուրայի հաստատումը: Նա նշեց, որ չունենք այնպիսի ինստիտուտներ, որոնք ապահովեն ՀՀ արտաքին քաղաքականությունը, անվտանգությունը: Իսկ քաղաքական համակարգը, որը ներկայացնում է խորհրդարանական վեցյակը, ըստ Դավիթ Շահնազարյանի՝ զավթված է քրեաօլիգարխիկ համակարգի կողմից:
««Օրինաց երկիր», «Բարգավաճ Հայաստան», «Հայ ազգային կոնգրես» կուսակցությունները ստեղծվել են հենց այդ նպատակով»,- ասաց Դավիթ Շահնազարյանը: Նա հավելեց, որ կուսակցությունների, հասարակական կազմակերպությունների, ԶԼՄ-ների մեծ մասը գտնվում են քրեաօլիգարխիկ համակարգի հսկողության ներքո, և համակարգը վերջին շտրիխներն է հաստատում: Դավիթ Շահնազարյանը նշեց, որ քրեաօլիգարխիկ համակարգը միջազգային համակարգ է, որի կենտրոնը Կրեմլն է:
«Այդ համակարգի ներկայացուցիչները նշանակվում են բարձրագույն դիվանագիտական պաշտոնների, հայ համայնքի ղեկավարները նշանակվում են քրեաօլիգարխիկ համակարգի կողմից: Այդ համակարգը զավթել է պետության բոլոր ինստիտուտները: Մենք դարձել ենք մի համակարգի անդամ, որը մերժվում է քաղաքակրթության կողմից»,- ասաց Դավիթ Շահնազարյանը: Անդրադառնալով ՌԴ-ի քաղաքականությանը՝ ՀՀ ԱԱԾ նախկին ղեկավարը նշեց, որ տեղի է ունենում մեծ չափերի հասնող արտագաղթ, և ՌԴ-ն ծրագիր ունի Հայաստանում թողնել 600-700 հազար մարդ: Սրանից զատ, ըստ Դավիթ Շահնազարյանի, ՌԴ-ն Հայաստանին օգտագործում է որպես սպառնալիք մեր հարևանների դեմ, և, երբ լքի մեզ, ապա մենք մնալու ենք թշնամացած միջավայրում: Դավիթ Շահնազարյանը կարծում է, որ պետք է ստեղծել այնպիսի արդյունավետ քաղաքական համամակարգ, որը կկարողանա դիմակայել ներկա աշխարհաքաղաքական իրավիճակում առաջ եկող փորձություններին: Նա հիշեց, թե ինչպես 1988 թվականին մեզ հաջողվեց նվազագույն կորուստներով դուրս գալ բարդ իրավիճակներից, երբ փլուզվում էր ԽՍՀՄ-ը:
Դավիթ Շահնազարյանը, տարանջատելով պուտինյան համակարգը Ռուսաստանից, նշեց, որ այդ համակարգը կանգնելու է նյուրնբերգյան դատավարության առաջ և պատասխան է տալու: Այս դեպքում, ըստ նրա, Հայաստանում պետք է ձևավորվեն այն ծիլերը, ձևաչափերը, որոնք կարող են լուծել Հայաստանի, Արցախի անվտանգության խնդիրները:
«Ժողովրդավարական հայրենիք» կուսակցության նախագահ Պետրոս Մակեյանն էլ կարծիք հայտնեց, որ խորհրդարանական քառյակը կարողանում է բաց թողնել գոլորշին: Եվ, ըստ նրա, իրավիճակը փրկելու համար պետք է հաշվառել իշխանությունների վերահսկողությունից դուրս գտնվող ուժերին:
Թագուհի ՀԱԿՈԲՅԱՆ